Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի պետի անօրինությունները

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի պետի անօրինությունները

«Պետություն» համահայկական լրատվական գործակալությունը հայտնում է, որ նոյեմբերի 18-ին Գյումրու Խրիմյան Հայրիկ 59/2 շենքի բնակիչները տեղեկացրեցին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ներքին աուդիտի բաժնի պետ Զարզանդ Ռաֆիկի Խաչատրյանի և իր եղբոր ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի պետ Զորակ Ռաֆիկի Խաչատրյանի անմիջական վերահսկողությամբ իրենց շենքի բակի ընդհանուր օգտագործման տարածքում նախաձեռնվել են անօրինական (առանց շինարարական թույլատվության) շինարարական աշխատանքներ։ Շենքը կից է  Գյումրու «Պրոգրես» համալսարանին, որի ռեկտորը  նշված պաշտոնյաների հայրն է՝ Ռաֆիկ Զարզանդի Խաչատրյանը։

Շենքի բնակիչների ներկայացմամբ Խաչատրյանները փորձել են փակել անգամ բնակարաններից մեկի մուտքը և խուժել ջարդված պատուհանից ներս։ Բնակիչների արագ արձագանքման արդյունքում և ապօրինի շինարարությունը դադարեցվել է, սակայն  Խաչատրյանները դիմել են սադրանքի, հայհոյել են սեփականատերերին, ապա ծեծկռտուք կազմակերպել (տեսագրություններն ու բնակիչների վկայությունները շուտով կհրապարակվեն)։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Խաչատրյանների հետ բնակիչների ներկայացրած միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

Խրիմյան Հայրիկ 59/2 շենքի բնակիչները տեղեկացրեցին, որ Խաչատրյանները նախկին իշխանությունների ամենաթողության պայմաններում շենքի բակային հատվածում կառուցել են նաև անօրինական կաթսայատուն։

Բնակիչները մեզ հայտնեցին, որ պետական պաշտոն զբաղեցնող այդ անձինք երբեք չեն վարանում անբարեկիրթ, անգամ «փողոցային» վարք ցուցաբերել բնակիչների նկատմամբ՝ շեշտելով, որ Խաչատրյանների նպատակն է, «որ զզվենք, մեր տները էժան վաճառենք, թողնենք գնանք»։ Խաչատրյանների ընտանիքի անդամները «Պրոգրես» համալսարանի հարակից տարածքը համարում է իր «կալվածքները» և չեն վարանել սպառնալու քաղաքացիներին իրենց պաշտոնական դիրքով ու ազդեցությամբ։

Այդպիսով՝ մենք արձանագրել ենք ՀՀ պետական վերահսկողական ծառայության ներքին աուդիտի բաժնի պետ Զարզանդ Խաչատրյանի և ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի պետ Զորակ Խաչատրյանի կողմից իրականացվել է․

  • Պաշտոնական դիրքի չարաշահում,
  • Ապօրինի շինարարություն,
  • Սադրանք, ծեծկռտուքի կազմակերպում։

Այսպիսի օրինազանցությունների դիմող պաշտոնյաները պետք է օր առաջ հեռացվեն պաշտոնից և ենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։ Մեր կողմից նյութեր են հավաքագրվում այս խնդրին արագ և հիմնավոր լուծում տալու համար։


Եթե ունեք այս պաշտոնյաների կամ նրանց հարազատների անօրինական գործողությունների մասին տեղեկություններ, դրանք ուղարկեք մեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@panarm.info, մեր լրագրողները կկապնվեն Ձեզ հետ։

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ