Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

Գազի գնի թանկացում․ «դամոկլյան սուր» Փաշինյանի իշխանության գլխին

Գազի գնի թանկացում․ «դամոկլյան սուր» Փաշինյանի իշխանության գլխին

2019 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը 10 տոկոսով (1000 խմ գազի համար նախկին 150 դոլարի փոխարեն, հաստատվեց 165 դոլար արժեքը)։ Ամիսներ անց հայ-ռուսական բանակցությունների օրակարգում է կրկին գազի թանկացման հարցը։

Մամուլում շրջանառվող տեղեկություններով ռուսական գազի գինը կարող է թանկանալ 20-40 տոկոսով։ Եթե անգամ դիտարկենք այդ կանխատեսումների լավատեսական սցենարը, երբ թանկացումը լինի 20 տոկոսով, Հայաստանի տնտեսության և բնակչության բարեկեցության համար լրջագույն խնդիրներ կառաջանան։ Ռուսաստանից Հայաստան ներմուծվում է տարեկան շուրջ 2,5 մլրդ խմ գազ, 2019 թվականի ցուցանիշով դրա արժեքը կկազմի մոտ 410 մլն դոլար (սա դեռ միայն ՀՀ սահմանին հաշվարկվող գինն է, չենք խոսում այն մասին, որ բնակիչ-սպառողին հասնում է շուրջ 290 դոլարով)։ Մեկ հինգերորդ մասով թանկացման դեպքում Հայաստանը կկորցնի հավելյալ 90 մլն դոլար, ինչը մոտավորապես առողջապահությանը հատկացվող տարեկան բյուջեի կեսն է։

20 տոկոս թանկացման պարագայում գազի գինը սահմանին կկազմի մոտ 200 դոլար 1000 խմ-ի համար։ Ենթադրաբար նույն հարաբերակցությամբ էլ կթանկանա գազը բնակիչ-սպառողների համար, այսինքն 1 խմ-ի արժեքը 139 դրամի փոխարեն կդառնա մոտ 167 դրամ։ Այսօր Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ ռուսական գազի ճիրանների մեջ է, թանկացումների ալիքը կտարածվի բոլոր ոլորտներում՝ հանգեցնելով սոցիալական ճգնաժամի։

Ակնհայտ է, որ գազի գնի հնարավոր թանկացումը հենց սոցիալական դժգոհություն առաջացնելու նպատակ է հետապնդում։ Սրանով Կրեմլը փորձում է ի սպառ վերացնել Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո սաղմնավորվող արևմտամետ նկրտումների հնարավորությունները։ Հստակ է, որ ռուսական գազի թանկացումը միայն քաղաքական ենթատեքստ ունի, տնտեսական-շուկայական բնույթի հիմնավորումները ընդհանրապես «աբսուրդի» ժանրից են։

Գլոբալ  մակարդակում գազի գինը զգալիորեն կախված է նավթի համաշխարհային գներից, կարճաժամկետ կտրվածքով նավթի գների շեշտակի աճ չի կանխատեսվում, ուստի համընդհանուր թանկացումը բացառվում է։ Գազի մատակարարման հարցում կոնկրետ երկրների հետ կնքվող պայմանագրերը բացի տնտեսական բաղադրատարրից, միշտ ունեն քաղաքական հիմնավորում։ Օրինակ ռուսական գազը եվրոպական երկրներին մատակարարվում է միջինում 1000 խմ-ի համար 250 դոլարով, իսկ դաշնակից Բելառուսի համար՝ 127 դոլարով։ Հարց է առաջանում, ինչու է նույն այդ գազը «դաշնակից Հայաստանին» այժմ մատակարարվում 165 դոլարով ու դեռ փորձ է արվում էլ ավելի բարձրացնել դրա գինը։ Տրամաբանական հարց է առաջանում․ «Ինչի՞ համար է գործում Եվրասիական տնտեսական միություն (ԽՍՀՄ-ի վերածնման Կրեմլյան նախագիծը), եթե այն նշանակալի արտոնություն չի տալու անդամ երկրներին»։

Մոսկվայի կողմից Երևանի ուղղությամբ «գազի գնի քաղաքական մանիպուլյացիաները» առավել գործուն մեխանիզմ է մինչև 2025 թվականը, երբ նախատեսված է ԵԱՏՄ շրջանակներում ներդնելու ի թիվս այլ ոլորտների, նաև գազի ընդհանուր շուկա, որը պետք է լինի նույնական ինչ Ռուսաստանի շրջանների համար՝ միայն մատակարարվող տարածաշրջանի հեռավորության հավելյալ հաշվարկով։

Մինչ այդ Կրեմլն ամեն ինչ կանի Հայաստանում «ռուսական վասալության դրոշմը» կրող իշխանություններ ունենալու համար՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին կիրառելով ոչ միայն «գազային ճնշումը», այլ իր զինանոցում առկա տարատիպ միջոցներ։ Ըստ  երևույթին Ռուսաստանը ցանկացած ձևով փորձում է ցույց տալ, որ անկախ, ինքնուրույն Հայաստանի տեսլականը ցնորք է և որ Հայաստանը կարող է ապահով ու բարեկեցիկ լինել միայն «ցարական լծի» տակ, իսկ երկիրը կարող է արդյունավետ կառավարվել միայն «մոսկովյան օծում» ունեցող «գուբերնատորներ» կողմից։

Գազի գնի փոփոխությունը առաջնահերթ հարված է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Սպասվող թանկացումները  անկասկած ժողովրդական դժգոհություն ալիք կբարձրացնեն, որի քավության նոխազը կդառնան «անգործունակ իշխանությունները»՝ վերջին հաշվով հանգեցնելով Ռուսաստանին անհրաժեշտ զիջումների կամ անգամ իշխանափոխության։

Ռուսական «գազային խաղի» դեմ Հայաստանի պայքարի միակ միջոցը միասնականությունն է․ ամեն գնով պետք է թույլ չտալ գազի գնի թանկացում՝ պայքարելով թե՛ դիվանագիտության դաշտում, թե՛ տեղեկատվական հարթակներում, թե՛ փողոցում։

Քաղաքագետ Արմեն Բադալյան