18.06.2017

Գյումրի

Ընդհանուր տեղեկություններ.

Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Տարածքը կազմում է 4429 հեկտար:

Աշխարհագրական դիրքը.

Գյումրին ունի աշխարհագրական հարմար դիրք. ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով: Ռելիեֆը հարթավայրային է՝ ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350մ հզորության նստվածքներով: Քաղաքի օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ: Քաղաքը տարեկան ստանում է մոտ 2500 ժամ արեգակնային լույս և ջերմություն: Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակը, որոնք միասին մեկ վայրկյանում տալիս են 1200 լիտր ջուր: Քաղաքի մոտով հոսում է Հայաստանի Հանրապետության ջրառատ գետերից մեկը` Ախուրյանը:  Շրջակայքը հարուստ է շինանյութերով՝ տուֆով, բազալտով, դիատոմիտով, կավով, սևահողային արգավանդ դաշտերով:

Տեղական ինքնակառավարում.

Քաղաքապետ, ավագանի,
համայնքային ծառայողներ, ՀՈԱԿ-ներ

Կլիման.

Գյումրի համայնքի տարածքը գտնվում է կլիմայական ցուրտ գոտում, որտեղ հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է -5°C մինչև – 12°C, հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը՝ 16°C և ցածր:

Ձմեռը ցուրտ է, կայուն, և երկարատև ձյան ծածկույթը սկսվում է նոյեմբերի վերջից և վերջանում ապրիլի 2-րդ տասնօրյակում:

Գարունը երկարատև է, ցուրտ: Ցրտահարությունները միջին տվյալներով վերջանում են մայիսի 2-րդ կեսից:

Ամառը կարճ է, զով և խոնավ` փոփոխական եղանակով:

Աշունը սառն է. առաջին կեսում գերակշռում է քիչ ամպամած տաք եղանակը, երկրորդ կեսը փոփոխական է: Աշնանային ցրտահարությունները սկսվում են սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին:

Պատմությունը.

Այս տեղանքում մարդիկ բնակվել են սկսած  Ք.ա. 6-րդ դարից, ինչի  մասին հիշատակել է հին հույն պատմիչ Քսենոփոնը: Հայկական մատենագրության մեջ Կումայրին (Գյումրու հնագույն անվանումն է) առաջին անգամ հիշատակվում է 773-775 թթ.՝ արաբական տիրակալության դեմ ապստամբության հետ կապված:

Միջին դարերում Կումայրին արդեն խոշոր բնակավայր էր: 1804 թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1804-1813 թթ.) Կումայրին մտնում է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ: 1837 թ. քաղաքից ոչ հեռու հիմնադրվում է ռուսական ամրոց, նույն թվականին էլ Կումայրի է այցելում կայսր Նիկոլայ Առաջինը, և Կումայրին վերանվանվում է Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ կայսրուհի Ալեքսանդրայի:

1840 թ. Ալեքսանդրապոլը պաշտոնապես դառնում է քաղաք, իսկ 1850 թ. դառնում է Էրիվանի գավառի Ալեքսանդրապոլի շրջանի կենտրոն: Շուտով, լինելով սահմանային բերդ-քաղաք, Ալեքսանդրապոլը դարձավ առևտրի և արհեստների կարևոր կենտրոն, հայ մշակույթի խոշորագույն կենտրոն Անդրկովկասում: 1899թ. Թիֆլիս-Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղային գծի կառուցումից հետո, որը 1906 թ. ձգվեց մինչև Ջուղա և հետո դեպի Թավրիզ, Ալեքսանդրապոլը դարձավ կարևորագույն երկաթուղային հանգույցներից մեկը: Ինչը շրջադարձային պահ էր քաղաքի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում: Թիֆլիսից և Բաքվից հետո Ալեքսանդրապոլը համարվում էր երրորդ ամենամեծ և ամենակարևոր առևտրային կենտրոն Կովկասում:

1924 թ. Ալեքսանդրապոլը վերանվանվեց Լենինական, իսկ 1991թ. սկզբին՝ Կումայրի: 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հռչակումից հետո քաղաքին վերադարձվեց իր պատմական անվանումը՝ Գյումրի: 2013 թ.-ին Գյումրին ճանաչվել է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», իսկ 2016թ.-ին՝ «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք»:

Ժողովրդագրությունը.

Գյումրու առկա բնակչության թիվը 114,2 հազար է (01.10.2016 թ.)  այդ թվում՝

կանայք – 59 384

տղամարդիկ – 54 816

Տարիքային կազմը՝

Սոցիալական կազմը՝
0-1 տարեկան – 1.619

1-2 տարեկան – 1.915

3-4 տարեկան – 1.990

5-6 տարեկան – 2.210

7-10 տարեկան – 3.064

11-14 տարեկան – 4.532

15-17 տարեկան – 6.225

18-22 տարեկան – 7.143

23-45 տարեկան – 27.929

46-62 տարեկան – 30.925

63 և ավելի 26.648

թոշակառուներ – 26.442

միակողմանի ծնողազուրկ երեխաներ – 697

երկկողմանի ծնողազուրկ երեխաներ –  24

հայրենական պատերազմի մասնակիցներ – 49

հաշմանդամներ – 9.960,

աշխատանք ունեցողներ – 29.052

գործազուրկներ – 11.197

ընտանիքների թիվը – 31.712

նպաստառու ընտանիքներ – 11.439

անօթևան ընտանիքներ – 2789

միայնակ մոր երեխա – 30

ամուսնալուծված անձերի երեխաներ – 1732

միայնակ չաշխատող թոշակառու – 651